Ինչ մեղքս թաքցնեմ, երբ առաջին անգամ մտա 5 տարեկանների խումբ, իսկական խառնաշփոթ էր` նոր ընկերներ, նոր ծանոթություններ, նոր խաղալիքներ (բոլորն իրենց խաղալիքներով էին եկել), նոր դաստիարակ… Յուրաքանչյուրն անում էր այն, ինչ իրեն էր դուր գալիս: «Այս ո՞ւր եմ ընկել»,- եղավ առաջին միտքս: Ամեն կողմից լսում էի.
— Բա չենք խաղալո՞ւ …
— Ես չեմ կարող…
Կարծում եմ` իրենց համար էլ անսովոր ինչ-որ բան կար. միանգամից պարտեզի խաղասենյակից բարձրացել էին, ինչպես իրենք էին ասում, «դասարան»: Ինձ մնում էր զինվել համբերությամբ և շարունակ համոզել 5 տարեկանին.
— Դու արդեն մեծ ես, ամեն ինչ կարող ես, փորձիր և կկարողանաս:
Նախաճաշի ժամին փորձեցի շարք կանգնեցնել (մի կերպ), որ իբր կարգ ու կանոնով լինի ամեն ինչ: Հենց դասարանի դուռը բացվեց, թվաց, թե վանդակի դուռ բացվեց. չեմ հիշում, թե յուրաքանչյուրին որտեղից բերեցի խոհանոց:
Երկու շաբաթ հետո արդեն հասկանում էինք իրար, մի քիչ գիտեինք` ով ինչ է ուզում: Ես հասկացել էի, որ երեխան կրավորական լսողի, դաստիարակի թելադրանքները կատարողի իրավիճակում չպետք է լինի, այլ ազատ ապրող, խաղացող, կառուցող, ստեղծող և ստեղծագործող, հետազոտող, ինքնուրույն հայտնաբերող անհատականություն, որի կողքին դաստիարակը վստահելի ընկեր է, խորհրդատու:
Հինգ տարեկանների գործունեության մեջ կարևոր է բազմազանությունը, հետաքրքրությունը, գործունեության տևողությունը (ոչ ավելի, քան 20 րոպեն): Սեղան-աթոռներն էլ այնքան գրավիչ չեն սաների համար, անշարժությունը չի նպաստում զարգացմանը, դպրոցական նստարանը մարդկության լավագույն հայտնագործություններից չէ, մանավանդ փոքրիկների համար: Մենք ազատ ենք. սովորում ենք հաշվել, չափել, համեմատել, մասերի բաժանել խաղի միջոցով: Խաղն ու աշխատանքը միատեղ են՝ միանման հետաքրքիր ու գրավիչ:
Ուսումնական գործունեության անփոխարինելի բաղկացուցիչներից մեկն էլ ուսումնական ճամփորդություններն են: Ընդ որում, դրանք ոչ միայն հայրենաճանաչողության նպատակ ունեն, այլև լուծում են երեխաների բազմակողմանի զարգացման, սոցիալական-խմբային, ինքնակազմակերպման խնդիրներ: Սեպտեմբերի 21-ին դեպի Ուշի գյուղ կատարած արշավի միջոցով 5 տարեկանները սովորեցին` ինչպես նախապատրաստվել ճանապարհորդությանը, ինչպես խնդիրներ առաջադրել և աշխատել թիմերով՝ նպատակներն իրականացնելու համար, ինչպես ուշադիր լինել բնության, մարդու կերտած ճարտարապետական կոթողների և հատկապես մարդկանց նկատմամբ:
5 տարեկանի, ինչպես ցանկացած երեխայի, երևակության զարգացման խթանումը նրա կրթության կազմակերպման կարևորագույն խնդիրն է: Երևակայության զարգացում գործունեության բոլոր ձևերով` բազմազան, բազմաբնույթ ստեղծագործական աշխատանքներն ավելի հետաքրքիր և գրավիչ են դառնում, երբ սովորողը «դռան փոխարեն պատուհանով է ներս մտնում»,- կասեր Ռոդարին: Հրաշալի պատմություններ ենք հորինում, շրջակա միջավայրը և մարդկանց նկարագրելիս փորձում ենք հետաքրքիր համեմատություններ անել, նոր կողմեր գտնել: Տեխնոլոգիական աշխատանքները երևակայությունից բացի զարգացնում են ուշադրությունը, մատների շարժունակությունը, ինչու չէ, կամային որակները և մտածողության ինքնատիպությունը: Իսկ երբ երեխաներն, օրինակ, իրենց պատրաստած տիկնիկներով ներկայացում են պատրաստում և ցուցադրում, այստեղ ամբողջանում է ստեղծագործական գործընթացը:
Սովորողների ամեն արածի մեջ խաղ կա: Դասվարի միջամտության, թելադրելու կարիքն էլ չկա. կամ նա է գնում իր սաների ետևից, կամ ինքն է նրանց տանում իր ետևից` ելնելով իր դիտարկման արդյունքներից: Լիարժեք հավասարություն է: Դրանք այնքան պարզունակ խաղեր չեն, թեև դրանք էլ են զարգացնող, ստեղծվում են տեղում, կապվում են նյութի հետ, նյութն այդ միջոցով ավելի ընկալելի, հեշտ յուրացվող է դառնում:
Սովորողներն աստիճանաբար ավելի հմուտ ու կարող են դառնում, ավելի ունակ, կազմակերպված: Նստարանի կողքին սովորած մաթեմատիկան անգույն ու անհետաքրքիր է: Բայց երբ հաշվում, չափում-չափչփում է այն ամենն, ինչ իրեն հետաքրքիր է, ինչով իրեն հետաքրքիր է, որտեղ հետքրքիր է, գործողությունը խաղ է դառնում, մնացածը ինքն իրեն է լինում: Դա լավ երևում է ամսիկների հաշվետու-ծեսերին: Ոչ մի լարում չի լինում, պարզապես ունեցածն ենք հավաքում ու ներկայացնում:
Կրթահամալիրում միջավայրն այնպիսին է, հնարավորությունները այնքան շատ ու բազազան, որ ուսուցման գործիք կարող է դառնալ ամեն ինչ: Այս ազատությունն ու ինքնակազմակերպումը հնարավորություն է տալիս 5 տարեկանների ուսուցումը կազմակերպել տարբեր եղանակներով, խթանելով երեխաների ուշադրության, հիշողության, մտածողության, երևակայության, բանավոր խոսքի զարգացումը, օտար լեզուների իմացությունը, ինքնուրույն ձեռքի աշխատանքների կատարումը, շրջակա միջավայրի ուսումնասիրությունը և սեփական փորձարկումները, ինքնաճանաչողությունը, խաղի ու հետազոտությունների միջոցով կարողությունների զարգացումը, կայուն հմտությունների ձեռքբերումը:
Հեղինակ՝ Դիանա Գևորգյան