Քաղաքակրթությունների՞ բախում
Գլուխ 2. Պատմությունը և քաղաքակրթության այսօրը
Քաղաքակրթությունների բնույթը
Մարդկության պատմությունը քաղաքակրթության պատմությունն է: Հնարավոր չէ պատկերացնել մարդկության զարգացումը քաղաքակրթությունից առանձին: Պատմությունը ներառում է քաղաքակրթությունների մի քանի սերունդներ`սկսած հին աշխարհի քաղաքակրթություններից (շումերական և եգիպտական, դասական և միջին ամերիկյան) մինչև քրիստոնեական և իսլամական քաղաքակրթություններ, ինչպես նաև չինական և հինդուսական քաղաքակրթությունների դրսևորումներով: Ամբողջ պատմության ընթացքում, քաղաքակրթությունը ներկայացել է մարդկության համար որպես նույնականացման բարձրակետ: Այս ամենի արդյունքում, քաղաքակրթությունների ակունքները, առաջացումը, վերելքը, փոխառնչակցությունները, ձեռքբերումները, մայրամուտները և անկումներն ուսումնասիրվել են հայտնի պատմաբանների, սոցիոլոգների և մարդաբանների կողմից, որոնց շարքում են Մաքս Վեբերը, Էմիլ Դյուրկհեյմը, Օսվալդ Շպենգլերը, Պիտիրիմ Սորոկինը, Առնոլդ Թոյնբին, Ալֆրեդ Վեբերը, Ա. Լ. Կրեբերը, Ֆիլիպպ Բեգբին, Քերոլի Քուիգլին, Ռաշտոն Կոլբորնը, Քրիստոֆեր Դաուսոնը, Այզենշտադտը, Ֆեռնան Բրոդելը, Ուիլյամ Մակնիլը, Ադդա Բոզմենեն, Էմանուել Վալերստայնը և Ֆելիպե Ֆերնան-դեզ-Արմեստոն: Այս և այլ հեղինակների գրչին են պատկանում գիտական աշխատություններ, որոնք վերաբերում են քաղաքակրթությունների համեմատական վերլուծություններին: Այդ գրականությունը ծայրահեղ տարբեր է իր մոտեցումներով, մեթոդաբանությամբ, շեշտադրումներով և համադրություններով: Սակայն նրանք բոլորը համընկնում են քաղաքակրթությունների վերաբերյալ հիմնական հասկացությունների, բնույթի, տարբերակող գծերի և շարժիչ ուժերի շուրջ:
Նախ և առաջ, կա հասկացությունների ընկալումների տարբերություն` «քաղաքակրթություն», որպես միակն այդպիսին, և «քաղաքակրթություն», որպես մեկը շատերից: Քաղաքակրթություն հասկացությունը մշակվել է ֆրանսիացի փիլիսոփաների կողմից 18-րդ դարում, որպես հակադրություն «բարբարոսության» հայեցակարգին: Քաղաքակրթված հանրույթը տարբերվում է պարզունակից նրանով, որ նստակյաց է, քաղաքային է և գրագետ: Լինել քաղաքակրթված` լավ է, անքաղաքակիրթ` վատ: Քաղաքակրթությունների հայեցակարգը սահմանում էր չափորոշիչներ, որոնցով դատում էին հասարակությունների մասին, և ամբողջ 19-րդ դարի ընթացքում եվրոպացիները բավականին մտավոր, դիվանագիտական և քաղաքական ջանքեր գործադրեցին այն բանի համար, որպեսզի մշակեն չափանիշներ, որոնցով կարող են ոչ եվրոպական հասարակությունների մասին դատողություններ անել` դրանց ներառելու համար այն միջազգային համակարգերում, որոնցում գերակա էր Եվրոպան: Բայց միևնույն ժամանակ, մարդիկ ավելի շատ էին խոսում քաղաքակրթության մասին հոգնակի թվով: Դա նշանակում էր քաղաքակրթության, որպես միակ գաղափարի կամ գաղափարներից եզակիի հայեցակարգի մերժում[1]: Դրա փոխարեն հայտնվեցին բազմաթիվ քաղաքակրթություններ, որոնցից յուրաքանչյուրը քաղաքակրթված էր յուրովի: Եթե կարճ դիտարկենք, ապա քաղաքակրթություն հասկացությունը կորցրեց իր նախնական իմաստը, քանի որ քաղաքակրթություններից յուրաքանչյուրը կարող էր լինել ոչ այդքան քաղաքակրթված, հասկացության առաջնային իմաստի առումով:
Քաղաքակրթություն ամենուր նշանակում է մշակութային ամբողջություն, բացառությամբ Գերմանիայի: Գերմանացի մտածողները 19-րդ դարում տվել են հստակ բաժանում քաղաքակրթության և մշակույթի միջև: Առաջինն իր մեջ ներառում է տեխնիկան, տեխնոլոգիան և նյութական գործոնները: Երկրորդը` գաղափարներ և հասարակության բարձրագույն գեղագիտական ու բարոյական արժեքները: Այդ տարանջատումը մինչ այժմ ընդունված է Գերմանիայում:
Ե´վ քաղաքակրթությունը, և´ մշակույթը վերաբերում են ժողովրդի ապրելակերպին: Այս պարագայում, քաղաքակրթությունը վառ արտահայտված մշակույթն է[2]: Այդ երկու հասկացություններն էլ իրեն մեջ ներառում են նորմեր, խառնվածք և օրենքներ, որոնց տվյալ մշակույթի կրողների բազմաթիվ սերունդներ տվել են առաջնային նշանակություն: Ըստ Բրոդելի. «Քաղաքակրթությունը դա մշակութային տարածության շրջան է, որն իր մեջ ներառում է մշակութային բնութագրի և յուրահատկությունների խառնուրդ»: Վալերստայնը այն սահմանում է որպես. «ավանդույթների, հասարակական կառույցների և մշակույթների յուրօրինակ համադրում, որը ձևավորում է այս կամ այն պատմական ամբողջականությունը և որը գոյատևում է այլ նմանատիպ յուրահատկությունների հետ»: Ըստ Շպենգլերի. «քաղաքակրթությունը մշակույթի անխուսափելի ճակատագիրն է… առավել արտաքին և արհեստական վիճակը, որը կարող է կրել զարգացած, տարաբնույթ մարդը»:
Քաղաքակրթությունը համարվում է մշակութային ամբողջության բարձրակետ: Գյուղերը, շրջանները, էթնիկ խմբերը, ազգությունները, կրոնական խմբերը, բոլորն ունեն ձևավորված մշակույթ հետերոգենության տարբեր աստիճաններում:
Հարավային Իտալիայի գյուղական մշակույթը կարող է տարբերվել հյուսիսային Իտալիայի գյուղական մշակույթից, սակայն դրանք ունեն ընդհանուր իտալական մշակույթ, որն իրենց առանձնացնում է գերմանական մշակույթից:
Եվրոպական հասարակությունն իր հերթին կունենա մշակութային ընդհանուր նկարագիր, որն այդ հասարակությանը կառանձնացնի չինական կամ հնդկական հասարակություններից: Չինացիները, հինդուսները և արևմուտքի բնակիչները սական չեն համարվում ավելի բարձր մշակութային կարգի առանձին բաղադրիչներ: Դրանք կազմում են առանձին քաղաքակրթություններ:
Քաղաքակրթությունն այսպիսով, մարդկային հասարակության մշակութային ընդհանրությունների բարձրագույն ձևն է և մշակութային նույնականացման ամենալայն աստիճանը, որով մարդը տարբերվում է մյուս կենսաբանական էակներից:
Փոխադրություն ռուսերենից
Լուսանկարը` Վիքիփեդիայից
[1] Այս մասին մանրամասն խոսում է Ֆ. Բրոդելը, այն համեմատության մեջ դնելով մարդկային հասարակության էլիտաների գաղափարաբանության հետ:
[2] Այստեղ հեղինակը փորձում է տալ քաղաքակրթության և մշակույթի վերաբերյալ սահմաննումների սեփական դաշտը, որոնք արդի գիտության մեջ 1000-ից ավելի են:
Ծանոթությունները` Վահրամ Թոքմաջյանի