Ուսուցիչների կամավոր ատեստավորման ներկայացված թեստային համակարգը՝ իր բովանդակությամբ, իր ստուգման ներկայացված սկզբունքով բոլորովին չզարմացրեց։ Սա մի ամբողջ կրթական մոտեցման, նրա ռազմավարության, ուսումնառության սկզբունքների շղթայի մի տրամաբանական, հերթական, սպասվող, կանխատեսելի օղակն էր։
Ի՞նչ էինք ակնկալում, որ չստացանք։ Ինչի՞ վրա էր մեր հույսը։ Ի՞նչն է փոխվել կրթական համակարգում, որ լավագույն ուսուցչի ընտրության հարցում ի՞նչ փոխվեր։
Անգիրի՞ դպրոցն է քանդվել, ծրագրե՞րը, դասագրքե՞րը, մանկավարժական մոտեցումնե՞ր են փոխվել, գնահատման բովանդակության և մոտեցման այլ սկզբունքնե՞ր են մշակվելլ, քննություննե՞րն են վերացել, դրանց բովանակությունն ու մոտեցումնե՞րն են հիմա այլ․․․ Եթե եթե մայրենիի իմացությունը շարունակում է համարվել քերականական վարժանքը, եթե ավարտական քննություններով շարունակում են քերականական գիտելիքների սերտում ստուգել և գնահատել՝ որպես մայրենիի իմացության չափանիշ, հայոց լեզու, գրականության լավագույն ուսուցիչը այդ սերտումը ապահովո՞ղը չպիտի համարվի։ Իսկ որպեսզի քերականության սերտողական ուսումնառությունը կարողանա ապահովել, ինքը դա պիտի լավ սերտած լինի, էդպես չէ՞։ Դե, ուսուցչի հենց այդ գիտելիքն էլ ստուգում են, ի՞նչ եք ուզում։
Ըստ հանրակրթական պետական չափորոշչի՝ ,,Հայոց լեզու և գրականություն,, ուսումնական բնագավառը ներկայացված է հետևյալ կերպ․
հայոց լեզու և գրականթյուն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է սեփական մտքերը
հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտել, ազատ հաղորդակցվել,
հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսուﬓական այլ առարկաներ
ուսուﬓասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության,
քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ
կյանքի ընթացքում։
Սրա՞ն է ուղղված հայոց լեզու, գրականության ուսուցումը, հայոց լեզու, գրականության ուսուցման վերջնարդյունքները սա՞ են ստուգում։ Իհարկե՝ ոչ։ Վկան՝ հայոց լեզու, գրականության ավարտական քննական թեսթերը։ Ուսուցչից ուսուցման էսպիսի՞ հմտություններ են պահանջվում։ Ինչո՞ւ պիտի պահանջվեն, եթե ինքն այլ ուսուցում է իրականացվում։
Ամբողջական, շա՜տ տրամաբանական են ուսուցչի կամավորական ատեստավորման այս թեստերն՝ իրենց բովանդակությամբ։
Այն, որ մանկավարժական որևէ մոտեցում, հայեցակարգ, մեթոդական համակարգ, մանկավարժական փորձի, ձեռքբերման ներկայացում չի պահանջվում, ևս հասկանալի է ու ազնիվ։ Դա մեր կրթական համակարգին չհետաքրքրող կողմ է։ Այսօրվա գործող ծրագրերն ու դասագրքերը, ուսումնական, քննական ողջ համակարգը և՛ հակամարդկային են, և՛ հակամանկավարժական։ Էլ ի՞նչ մանկավարժություն։
Մնում է մի բանի վրա զարմանալ։ Ուսուցչի այսօրվա խղճուկ աշխատավարձով ապրող ուսուցիչները ինչո՞ւ հենց գումարի համար չեն հանձնում այդ անհեթեթ թեսթերը։ Մեկ է, մեր իշխանությունները ուսուցչի աշխատավարձը արժանապատիվ ձևով բարձրացնողը չեն։ Ժողովուրդը կասեր՝ էդ պատին հենց էդ մեխն էլ պետք է։ Մեր կրկնուսույց ուսուցիչները հո անգիր գիտեն այդ շտեմարանային հարցերի պատասխանները։ Որ գնան, հանձնեն և 40-50% ավելի աշխատավարձ ստանան, շատ էլ լավ կանեն։ Ոչ էլ կմեղադրեմ։